Kanch LogoKanch Travel

Երերույքի տաճար

Երերույքի տաճար
Երերույքի տաճար
Երերույքի տաճար

          Երերույքի տաճարը վաղ քրիստոնեական շրջանից մեզ հասած եզակի կոթողներից է: Հիմնվելով հուշարձանի ճարտարապետական վերլուծության տվյալների վրա՝ հետազոտողներ Ն. Մառը, Ն. Բունիաթյանը, Ն. Տոկարսկին, Ա. Սահինյանը և ուրիշներ գտնում են, որ տաճարը կառուցվել է 5-6-րդ դարերում։ Մասնավորապես Թ. Թորամանյանը նշում է, որ ճարտարապետական տվյալների համեմատությամբ կարելի է որոշել շինության կառուցման ժամանակաշրջանը, հետևաբար, այն եթե ոչ նախաքրիստոնեական, ապա գոնե Հայաստանի վաղքրիստոնեական շրջանին հատուկ կառուցվածք ունի: Եռանավ բազիլիկ տիպի ճարտարապետական այս կառույցը հավանաբար հիմնվել է հեթանոսական մեհյանի տեղում: Գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում` Անիպեմզա գյուղի մոտ՝ Ախուրյան գետի ձախ ափին: Այսինքն, տաճարը Թուրքիայի հետ սահմանից գտնվում է մոտ 50 մ, իսկ Բագրատունյաց մայրաքաղաք Անիի ավերակներից՝ ուղիղ գծով ընդամենը 8կմ հեռավորության վրա: Ինչպես «Հազար ու մի եկեղեցիների քաղաքից» մեզ հասած կառույցների զգալի մասը, այնպես էլ Երերույքի տաճարը  կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից, որը հայկական տուֆի 5 հիմնական տեսակներից մեկն է: Ներկայումս խոնարհված վիճակում է: Մեծապես վնասվել է երկրաշարժերի պատճառով, որոնցից մեկը 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժն էր: «ԵվրոպաՆոստրա» կազմակերպությունը 2016 թվականին այս տաճարն ընդգրկել է «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: 
​          «Երերույք» անվան ստուգաբանության տարբեր մոտեցումներ կան: Ասում են` տաճարի մերձակա տարածքում ժամանակին շատ են եղել երեները` որսի կենդանիները: Այդ պատճառով էլ այստեղ կառուցված տաճարը կոչել են ​«Երերույք»: Տեղացիները «Երերույք» անվան ստուգաբանության իրենց տարբերակն ունեն. ասում են` հեռվից նայողին թվացել է, թե տաճարի 6 սյուները երերվում են` օրորվում, դրա համար էլ տաճարը կոչել են ​«Երերույք»:​
​         Տաճարի հարավային պատի արձանագրությունից իմանում ենք, որ Բագրատունյաց արքա Հովհաննես Սմբատի կինը ներդրում է ունեցել շինության վերանորոգման աշխատանքներում: Բայց չնայած տարբերժ ամանակաշրջանների վերանորոգումներին` տաճարը այնուամենայնիվ մեզ է հասել կիսավեր վիճակում: Պատերի քանդակները 5-րդ դարի և ավելի վաղ շրջանի են: Արևելյան կողմում գտնվող խորանը թե՛ ներսից, թե՛ դրսից քանդված վիճակում է: Խորանի երկու կողմերում կիսավեր ավանդատներն են: Ունեցել է արտաքին կամարակապ սրահներ: Համեմատաբար լավ է պահպանվել հյուսիսային պատը: Այս պատի վրա երևում են տարբեր դարաշրջանների վերանորոգման հետքերը. աստիճաններից վերև՝ քարերի մի մասը նախնական շարքն է, որից ավելի վերև գտնվող հատվածը վերանորոգվել է 6-7-րդ դարերում: 
​         Հետազոտողների համար ուշագրավ են տաճարի պատերին առկա 3 կլորավուն հարթաքանդակները, որոնց կենտրոնական հատվածում խաչ է քանդակված: Սյունազարդ սրահներն իրենց ծածկույթի հետ միասին քանդված են: Պահպանվել են միայն կլոր սյուներից բեկորներ և խարիսխներ ու խոյակներ՝ 5-րդ դարին և ավելի վաղ շրջաններին հատուկ քանդակներով։ Տաճարի արտաքին ճարտարապետության մեջ գործածվել են հարդարանքի համեստ ու սահմանափակ միջոցներ, որոնք հիմնականում տեղ են գտել հարավային և արևմտյան ճակատների վրա: Այսպիսի տեղաբաշխումը հիմնականում մի նպատակի էր ծառայում. հաշվի առնելով արևի «աշխատանքը»՝ հարդարանքի միջոցները առավելապես կիրառել կառույցի այն ճակատների վրա, որոնք օրվա ընթացքում ավելի երկար են մնում արևի լույսի ներքո և, հետևաբար, ավելի տեսանելի են: Այս սկզբունքը պահպանվել է նաև հետագա դարերի հուշարձաններում:
         ​Տաճարի շուրջը կիսավեր պարիսպ է, որից դուրս այլ շինություններ ու կառույցներ են: Հարևանությամբ` հյուսիսային կողմում՝ գետնի վրա, նկատելի են կլորավուն մեծ անցքեր, որոնց ներքևում բավականին ընդարձակ սրահներ կան։ Անցքերը կատարել են երդիկի դեր։ Սրահների պատերին առկա փորվածքներն արված են այնպես, որ կարելի է նստել այնտեղ կամ ինչ-որ առարկաներ դնել։ Ենթադրվում է, որ վաղ քրիստոնեական շրջանում այս սրահներում են հավաքվել և աղոթել քրիստոնյա հավատացյալները: 
         ​2010-2011 թվականներին այս տարածքում հետազոտական աշխատանքներ են տարել Շիրակի Երկրագիտական թանգարանի և Ֆրանսիայի Պրովանսի համալսարանին կից գործող «Միջերկրականի շուրջ գտնվող երկրների միջնադարյան հնագիտության լաբորատորիայի» մասնագետները։ Պեղումների ընթացքում տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ։ Վերջիններիս մեծ քանակը ենթադրել է տալիս, որ  այն հավանաբար կապված էին ինչ-որ աղետի հետ։ Դա կարող էր լինել որևէ ավերիչ երկրաշարժ, բռնություն, սով, համաճարակ և այլն, ինչի արդյունքում զոհվել են բազմաթիվ մանուկներ և թաղվել այստեղ: Մասնագետները կարծիք են հայտնում, որ երեխաներին այստեղ թաղելը կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ։ Ն. Մառի վերծանած 10-րդ դարի արձանագրություններից մեկում նշված է, որ տաճարը սկզբնական շրջանում կոչվել է սուրբ Կարապետի վկայարան, այսինքն այն նվիրված է եղել Սբ․ Հովհաննես Մկրտչին: Միջնադրարյան Հայաստանում  տարածված ավանդության համաձայն` նահատակված Սբ. Հովհաննես-Կարապետի մասունքները Գրիգոր Լուսավորիչը, ջորու վրա բարձած, Կեսարիայից բերելով, ամփոփում է Տարոնաշխարհի Մշո դաշտում: Հետագայում այդ մասունքների մի մասը տարվել է Հայաստանի տարբեր շրջաններ և դրանց ամփոփված վայրերում կառուցվել են սրբավայրեր, որոնք կրել են Սուրբ Հովհաննես Մկրտչի կամ Սուրբ Կարապետի անունը: Լինելով Քրիստոսի մկրտիչը՝ ժամանակի կրոնական պատկերացման մեջ Սբ․ Հովհաննեսը թույլ է տվել այս տարածքում թաղել նորածին երեխաներին, որոնք դեռ մկրտված չեն եղել։ Ամենայն հավանականությամբ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում։ Լավ պահպանված կմախքները և ընդհանուր գերեզմանները հարուստ նյութեր են տալիս՝ թաղման հայկական ծեսերի մասին պատկերացում կազմելու, ինչպես նաև դրանց թվագրման համար։ Ավելի խոր շերտերում հայտնաբերվել են մեծ դամբարաններ, այնտեղ հավանաբար ամփոփված են եղել իշխանական ծագում ունեցող մարդիկ:
​         Երերույքի տաճարը ոչ միայն հայկական դասական ճարտարապետության, այլև քրիստոնեական վաղ շրջանի կառուցողական արվեստի նվաճումներից է: Զուսպ ու նրբագեղ ճարտարապետական հարդարանքով այս կոթողը մշտապես եղել ու շարունակում է մնալ վաղ քրիստոնական ժամանակաշրջանով հետաքրքրվող այցելուների ուշադրության կենտրոնում:

 

____________

* 1938 թվականին հիմնադրված քաղաքատիպ ավան է, որի նախագծի հեղինակը Երևանիճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է: Սկզբնական շրջանում այստեղ ապրել են Պեմզայիհանքի աշխատողները, հետագայում բնակչությունը համալրվել է: 1995 թվականից Անիպեմզանստացել է գյուղի կարգավիճակ: Գտնվում է Շիրակի մարզում`Ախուրյան գետի ձախ ափին:

 

Գրականության ցանկ

1. Ա. Սուքիասյան. «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան», Երևան, 2009:

2. Թ. Թորամանյան. «Նյութեր հայկական ճարտարապետության», Երևան, 1942:

3. «Շողակն Արարատյան» պաշտոնաթերթ, Փետրվար Ա, ՀԱԵ Արարատյան Հայրապետական թեմ, 2011:

4. Վ. Գրիգորյան. «Հայաստանի վաղ քրիստոնեական պաշտամունքային կառույցների թվագրման խնդրի շուրջ (Երերույքի և Տեկորի բազիլիկաների հիմնադրվելը հեթանոսական շրջանում որպես մեհյաններ)», Երևան, 2003:

5. Վ. Հարությունյան-«Հայկական Ճարտարապետություն», Երևան, 1992:

6. Н. Марр. „Ереруйкская базилика”. Ереван, 1968.